
Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի անկանոն միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դեն Ռոտենբերգը ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստում, որը տեղի է ունեցել Երևանում:
Կոմիտեի նպատակն է հետևել և գնահատել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վեր հանել և փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։
Նա ներկայացրել է վիճակագրական տվյալները Հայաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով անօրինական հիմքով անդամ-պետությունների տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցերին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ներկայացրել է ռեադմիսիոն համաձայնագրի դերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում։ Նա փաստել է, որ վերջինիս մեկնարկին ուղղված աշխատանքներն ակտիվ ընթաքում են։
Հայկական կողմը ներկայացրել է վերադարձի ոլորտում ծրագրված աշխատանքները՝ առանձնացնելով տարբեր թիրախային խմբերի, նրանց կարիքների գնահատմանն ու վերաինտեգրման ուղղված հնարավորությունները։
ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոս Ալեքսանդր Բարտհոլդը նկատել է, որ քաղաքացիության հաստատման ցուցանիշը Գերմանիայից ուղարկվող ռեադմիսիոն հայտերի վերաբերյալ բավականին բարձր է Հայաստանի կողմից:
Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ Գերմանիան առաջին տեղում է ԵՄ երկրների շարքում ռեադմիսիոն համագործակցության համատեքստում: