8 օգոստոսի 2008 - 15:10 AMT
Վրացական բանակն ամենապատրաստվածներից մեկն է հետխորհրդային տարածքում, սակայն հիմնականում արեւմտյան բարեկամների հաշվին
Թբիլիսին արդեն դիմակայության գոտի է տեղափոխել շուրջ 20 բեռնատարներով զինվորների, 3 զրահամեքենա, համազարկային կրակի երեք հրթիռային համակարգեր եւ մի քանի հրանոթներ: Վրացական բանակն ամենապատրաստվածներից մեկն է հետխորհրդային տարածքում, սակայն հիմնականում արեւմտյան բարեկամների հաշվին: Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, վրաց սպաների եւ զինծառայողների մեծամասնությունը պատրաստվել են ԱՄՆ-ում եւ Թուրքիայում կամ ուսուցանվել են այդ երկրների հրահանգիչների կողմից:
Կադրերի պատրաստման ամերիկյան ծրագրերի գծով ուսուցում են անցել շուրջ 8 հազար վրաց զինծառայողներ: Վերջին 4 տարվա ընթացքում ռազմական ծախսերն աճել են գրեթե 30 անգամ, հասնելով ՀՆԱ-ի 9-10 տոկոսին, իսկ 2008թ. ընդհանուր ռազմական բյուջեն կազմում է գրեթե 1 մլրդ դոլար: Դա քիչ չէ մի պետության համար, որը էական ռազմատեխնիկական օժանդակություն է ստանում արտերկրից անհատույց: Թբիլիսիին նման օգնություն ցուցաբերող երկրների թվում են` ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան, Իսրայելը, Բոսնիան եւ Հերցոգովինան, Սերբիան, Ուկրաինան:
ԱՄՆ-ն «Ռազմական օգբնության տրամադրում ռազմական կարիքների համար օտարերկրյա պետություններին» ծրագրով Վրաստանին շուրջ 40,6 մլն դոլարի
անհատույց վարկեր է տրամադրել:
Թուրքիան շուրջ 45 մլն դոլարի ֆինանսական օգնություն է ցուցաբերել վրացական ուժային կառույցներին: Նախատեսվում է, որ Անկարան 100 մարտական մեքենա, Պակիստանի արտադրության «Անզա-2» տիպի 50 տեղափոխվող հրթիռա-զենիթային համալիրներ, «Ղըլըչ-2» տիպի մոտորոնավակներ, «Դողան» տիպի հրթիռային մոտորանավակներ, երկու դեսանտային նավեր, օդային հարձակման արագ նախազգուշացման համակարգ եւ SkyWatcher զենիթային միջոցների կառավարման համակարգեր, MP5MTSA6 տիպի 80 ինքնաձիգ, 1800 M-72, ձեռքի ականանետներ, 2000 ականանետներ, 5,45 տրամաչափի 10 մլն պարկուճներ եւ զենքի այլ տեսակներ կառաքի Վրաստան:
Բուլղարիան մտադիր է 250 հրթիռներ մատակարարել «Ֆակտորիա» հակատանկային հրթիռային համակարգի համար, եւ ռազմական նշանակության այլ արտադրանք: Չեխիան եւս մտադիր է որոշ քանակությամբ զենք տրամադրել Վրաստանին, ներառյալ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
Ընդամենը ՆԱՏՕ-ի երկրները Վրաստանին են փոխանցել 175 ռազմական տանկեր, 126 զրահամեքենաներ, 67 հրետանային հրանոթներ, 4 մարտական ինքնաթիռներ, 12 ուղղաթիռներ եւ 8 մարտական նավեր ու մոտորանավակներ: Փոխանցման են պատրաստվում 100 զրահամեքենաներ, 14 ինքնաթիռներ (դրանցից 4-ը «Միրաժ-2000» կործանիչներ), 15 Black Hawk ուղղաթիռներ եւ տարբեր դասի 10 նավեր: