9 օգոստոսի 2008 - 15:20 AMT
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին հարցի համար լրագրողին դուրս հրավիրած կոնգրեսականի նկատմամբ
Կապիտոլիական Բլրի Ոստիկանությունը եւ Մեմֆիսի իրավապահ մարմինները առանձին հետաքննություն են սկսել կոնգրեսական Սթիվ Կոենի վերաբերյալ, ով Հայոց ցեղասպանության մասին հարցի համար մամլո ասուլիսից դուրս է հրավիրել լրագրող Պիտեր Մուսուրլյանին: Ինչպես Pan.ARMENIAN.Net-ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), այդ միջադեպից հետո Մուսուրլյանը դիմել է Մեմֆիսի ոստիկանական բաժանմունք, ինչպես նաեւ Կապիտոլիական Բլրի Ոստիկանություն: «Սթիվ Կոենի` Մուսուրլյանի դեմ ուղղված չափազանց տարօրինակ գործողությունները, մեղմ ասած, հարիր չեն կոնգրեսականին: Համենայնդեպս,մենք տեղյակ ենք երկու քրեական հետաքննությունների մասին եւ ենթադրում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարգապահական միջոցառումներ կձեռնարկի կոնգրեսական Կոենի նկատմամբ` նրա վարքի եւ Ամերիկայի հայ համայնքի հասցեին վիրավորանքների համար»,- հայտնել է ANCA-ի Արեւմտյան շրջանի Խորհրդի նախագահ Վիգեն Սոնենց-Փափազյանը: Նրա խոսքերով, այդ միջադեպից հետո հարց է առաջանում. արդյո՞ք այդ մարդը իրավունք ունի մնալու Կոնգրեսի անդամ:
Հիշեցնենք, որ մեմֆիսցի կոնգրեսական Սթիվ Կոենն իր մամլո ասուլիսի ժամանակ դուրս էր հրավիրել լրագրող Պիտեր Մուսուրլյանին, որը կոնգրեսականին խնդրել էր բացատրել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը դիմակայելու պատճառը:
«Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը դիմակայելու վերաբերյալ փաստեր հավաքել փորձող լրագրողին մամլո ասուլիսից դուրս հրավիրելը Կոնգրեսի ներկայացուցչի կողմից խուլիգանական արարք է»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Բուրբանկի (Կալիֆորնիա) հանրային հեռուստատեսությունում աշխատող Պիտեր Մուսուրլյանը Կոենից հարցազրույց էր փորձում վերցնել դեռեւս նախորդ շաբաթ. այդ հարցում նա մերժվել էր: Լրագրողը ձգտում էր Սթիվ Կոենի հետ զրուցելու հնարավորություն գտնել, բայց նրա ջանքերը չարդարացվեցին, եւ Կոենի նստավայրում տեղի ունեցող մամլո ասուլիսի ժամանակ կոնգրեսմենը Մուսուրլյանից պահանջեց հեռանալ սենյակից: Մամլո ասուլիսի ընթացքում կոնգրեսականը, ծայրահեղ կոպիտ անդրադառնալով Մուսուրլյանի հայկական ծագմանը, կրկին հայտնեց Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման դեմ իր պայքարի մասին:
ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը ներկա պահին սատարում են 219 կոնգրեսականներ: 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը արժանացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հավանությանը: Կոնգրեսմեն Կոենը բանաձեւի ընդունման հակառակորդներից մեկն էր: «Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, անկախ նրանից, թե երբ եւ որտեղ է իրագործվել: Կոնգրեսմեն Կոենի` Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերած դիմադրության հետ կապված հարց է առաջանում. իսկ ո՞ր ցեղասպանության ճանաչմանն է նա դիմադրելու վաղը»,-նկատել է Արամ Համբարյանը: