Արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկայի» վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա ավելի քան 80 համայնքում մթերում ապահովել: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ներկայումս ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից «ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց», որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:
«Ընկերության կողմից մթերման աշխատանքների հնարավոր ձախողումը որևէ կերպ չի բխում ընկերության շահերից: Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան և տեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման և ստեղված իրավիճակի հետևանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետևանքով», - մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
Մթերումներ չեն արվի Արարատի մարզի Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին համայնքներում, Արմավիրի մարզի Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ համայնքներում, Տավուշի մարզի Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան համայնքներում, Լոռու մարզի ք. Տաշիրում, Վայոց Ձորի մարզի Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի համայնքներում, Արագածոտնի մարզի Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ համայնքներում, Շիրակի մարզի Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ համայնքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս համայնքներում, Կոտայքի մարզ Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն համայնքներում:
Ավելի վաղ 7 մլրդ դրամ հարկեր թաքցնելու մեղադրանքով կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: