Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 5600 մարդ, ինչը մահացության, այդ թվում` վաղաժամ մահացության պատճառներից 2-րդն է սրտանոթային հիվանդություններից հետո, հայտնել է առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2012 թվականի նկատմամբ քաղցկեղի տարածվածությունը 2017-ին աճել է 27%-ով,իսկ հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 8389, ինչը 6%-ով ավելին է 2012-ի համեմատ:
Ելնելով խնդիրի կարևորությունից` նախարարությունը նախատեսում է քաղցկեղի ախտորոշման և բուժման ոչ միայն ֆինանսավորման զգալի ավելացում, այլև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակում նախարարությանը խորհրդատվական աջակցություն են տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում:
Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ ուռուցքաբանական ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններ:
Նշվում է, որ թեև վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում (2017 թվականին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ընդամենը 0.2%-ով), այնուամենայնիվ,ԱՀԿ կանխատեսումների համաձայն,մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը կարող է հասնել ներկայիս 12 մլն-ից մինչև 27-ի, իսկ մահերինը` 8-ից 17 մլն-ի: