1 սեպտեմբերի 2008 - 13:58 AMT
Լարվածությունը ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում կանդրադառնա Հայաստանի վրա
Լարվածությունը ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում կանդրադառնա Հայաստանի վրա, մասնավորապես, IPAP ծրագրի իրականացման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայ ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը միշտ խանդով է վերաբերվել ՆԱՏՕ-ի համագործակցությանը Հայաստանի հետ: «Լարվածությունը կանդրադառնա Հայաստանի վրա, մասնավորապես, IPAP ծրագրի իրականացման վրա, գուցե ոչ ուղղակի իմաստով, սակայն եթե համագործակցության զարգացման հարաբերությունները կասեցվում են կամ սառեցվում, ապա IPAP ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացումը եւս կդանդաղի»,-նշել է Պողոսյանը:

Միեւնույն ժամանակ հայ փորձագետը նշել է, որ ՆԱՏՕ-ն արդեն վաղուց ի վեր ներկա է Սեւ ծովի տարածքում: «Թուրքիան վաղուց է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, այժմ դաշինքի անդամներ են դարձել նաեւ Բուլղարիան եւ Ռումինիան: Այնպես որ ուղղակի ներկայությունը միջադեպեր չի հրահրի, եթե միտումնավոր սադրանքներ չլինեն: Իսկ եթե գաղափար ծագի ինչ-որ բան հրահրել, դա արդեն կլինի դիմակայությանն ուղղված քաղաքականություն: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում նման գաղափար չկա: Կան Դաշինքի առանձին անդամներ, որոնք կփոխեն իրենց քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, սակայն չեմ կարծում, որ դա կվերաճի ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականության: ՆԱՏՕ-ն կօգտագործվի որպես զսպման մեխանիզմ կամ որպես կայունության կոչ, սակայն ոչ սուր հակամարտության համար»,-ասել է Պողոսյանը: