11 ապրիլի 2019 - 17:37 AMT
Չավուշօղլու. Մակրոնը, հայերին տված խոստումներն իրականացնելով, պոպուլիզմի է դիմում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում:

Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները, հայտնում է Ermenihaber-ը:

Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին տված խոստումներն իրականացնելով` կրկին պոպուլիզմի է դիմում: Նախ և առաջ թող իր մութ պատմությանը հայացք նետի: Ռուանդայի ցեղասպանությունից ցայսօր քառորդ դար է անցել»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։Հրամանագրում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։

Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։

Ընթերցեք նաև. Թուրքիայի ԱԳՆ. Ցեղասպանության մասին բանաձևը կազդի Իտալիայի հետ հարաբերությունների վրա