1 սեպտեմբերի 2008 - 18:18 AMT
Բրիտանիան կոչ է արել դադարեցնել Ռուսաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները
Մեծ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել Ռուսաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները` Վրաստանի իրադարձությունների կապակցությամբ: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել երկրի վարչապետ Գորդոն Բրաունի վարչակազմի ներկայացուցիչները: «Ռուսաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք պետք է դադարեցնենք համագործակցության եւ գործընկերության մասին բանակցությունները»,-«Ռոյթերսը» մեջբերում է բրիտանական կողմի հայտարարությունը:

Հայտարարությունն արվել է Եվրամիության 27 երկրների առաջնորդների արտահերթ համագումարի նախօրեին, որն այսօր երեկոյան տեղի կունենա Բրյուսելում: Այնտեղ նախատեսվում է քննարկել Վրաստանին օգնություն ցուցաբերելու հարցը, ինչպես նաեւ մշակել Ռուսաստանի հետ ԵՄ-ի հետագա հարաբերությունների ընդհանուր սկզբունքները: Գագաթնաժողովը կտեւի երեք ժամ, որի ժամանակ ԵՄ 27 երկրներից յուրաքանչյուրը կկարողանա արտահայտել իր դիրքորոշումը:

Մինչդեռ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում չի արծարծվի: Այդ մասին հայտարարել է արտաքին քաղաքականության գծով ԵՄ Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան: Գագաթնաժողովում, ըստ Սոլանայի, ուշադրությունը սեւեռված կլինի երեք հիմնական նախաձեռնությունների վրա` Վրաստանին ցուցաբերվելիք տնտեսական օգնություն, հակամարտության գոտում եվրպացի դիտորդների թվի ավելացում, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախաձեռնությունը Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ, հաղորդում է siteua.org-ը: