2 սեպտեմբերի 2008 - 14:05 AMT
Լրացավ ԼՂՀ անկախության հռչակման 17 տարին
Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 17 տարին: Այդ օրը 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Որոշումը կայացվեց 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան: Ըստ այդ օրենքի, ինքնավար հանրապետությունների եւ մարզերի ժողովրդները պահպանում էին ԽՍՀՄ կամ Միության կազմից դուրս եկող հանրապետության կազմում լինելու հարցն ինքնուրույն լուծելու իրավունքը: Վերջնական որոշումը կայացվեց 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեում, որտեղ հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը` 99,98 տոկոսը կողմ քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Լեռնային Ղարաբաղն առաջինը հետխորհրդային տարածքում իրականացրեց ինքնորոշման իր իրավունքը:

Լեռնային Ղարաբաղը (Արցախ) փոխանցվեց Ադրբեջանին 1921թ. հուլիսին ՌԿԿ(բ) ԿԿ Կավբյուրոյի կամային որոշմամբ` մի կուսակցական մարմնի, որն իրավունք չուներ վերաձեւել այն ժամանակ դեռեւս ձեւականորեն անկախ հանրապետությունների սահմանները Բաքվի նավթի դիմաց: