23 ապրիլի 2019 - 11:08 AMT
Կիմ Չեն Ինը ՌԴ կայցելի՝ Պուտինի հետ բանակցելու

Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը շուտով Ռուսաստան կայցելի՝ բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Այցը կկայանա Պուտինի հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն առաջին անգամ են պաշտոնապես հաստատում երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման մասին լուրերը: Գործակալությունը, սակայն, գագաթնաժողովի տեղն ու օրը չի նշել:

Մինչդեռ, աղբյուրը Հեռավորարևելյան երկաթուղում հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Կիմ Չեն Ինի զրահագնացքը ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ:

Հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոն ժամանել է Վլադիվոստոկ, գրում է «Չոսոն Իլբո» թերթը:

Ապրիլի 23-ի երեկոյան Վլադիվոստոկի օդանավակայանում Փհենյանից երկու ինքնաթիռ է վայէջք կատարել, որոնցով, ըստ հարավկորեական ԶԼՄ-ների, ժամանել են Կիմ Չեն Ինի անվտանգության ծառայության աշխատակիցները: