4 սեպտեմբերի 2008 - 15:04 AMT
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ
Եվրամիությունը գոհ է Հայաստանի քաղաքականությունից, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում եւ Բենիլյուքսի երկրներում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նրա խոսքերով, Հայաստանը նաեւ պետք է առավել ակտիվորեն իրագործի Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: «Դա անհրաժեշտ է մեր երկրին բարեփոխումների հետագա առաջընթցի համար»,-նշել է հայ դիվանագետը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանն աշխատում է ԵՄ-ի հետ` ներկայացնելով իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «ԵՄ բոլոր 27 երկրներում աշխատող Հայաստանի բոլոր դեսպանները բավականին համակարգված են աշխատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նշեմ, որ ԵՄ-ն միշտ բավական հավասարակշռված քաղաքականություն է վարել այս հարցում: Չկա ԵՄ մի հայտարարություն, որտեղ նշված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, առանց ազգերի ինքնորոշման իրավունքի»,-ասել է Չիտեչյանը: