4 սեպտեմբերի 2008 - 19:52 AMT
Թուրքական պետության նպատակը հայկական գործոնի վերացումը կամ չեզոքացումն է
Թուրքական պետության նպատակներից մեկը հայկական գործոնի լիակատար ոչնչացումը կամ առնվազն չեզոքացումն է` ի դեմս Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի հայաբնակ տարածաշրջանի, ինչը Անկարայի համար բուֆերային պատնեշային գիծ է ստեղծում եւ արգելակում Կովկասում թուրքական ազդեցության ուժեղացման գործընթացը: Այդ մասին ասվում է «Միտյու» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանի հոդվածում` «Թուրքիա-Ռուսաստան. դադար նոր դիմադրությունից առա՞ջ»: Նրա կարծիքով, ռուսական պետության համար սեւծովյան տարածաշրջանում Արեւմուտքի ազդեցության ուժեղացման բնագավառում հայկական անկախ գործոնը կարեւորագույն բաստիոնն է ` Թուրքիայի կողմից սպառնացող վտանգի չեզոքացման համար, ավելին, Մերձավոր Արեւելքում Հայաստանի արտաքին քաղաքական ազդեցության մեծացումը կարող է արագացնել հակառուսական քաղաքական խաղացողներին դուրս մղելու գործընթացը:
«Գիտակցելով հայկական գործոնի նման կողմը` Անկարան «բարեկամի» դերն է խաղալու եւ, հնարավոր է, որ բացի սահմանը: Մինչդեռ հայկական կողմը, չգիտակցելով դա, կընկնի թուրքական հաղորդակցությունների լիարժեք ազդեցության եւ դրանցից կախման մեջ, իսկ դրանք բացվելու եւ փակվելու են միայն Անկարային հարկ եղած դեպքում: Այդպիսով, Թուրքիան ոչ միայն կուժեղացնի իր ազդեցությունը Կովկասում եւ ողջ սեւծովյան ավազանում, այլեւ Ռուսաստանի հետ քաղաքական խաղերի ճանապարհով իր ազդեցության տակ կգցի Հայաստանը, ինչը քաղաքական հարված կլինի հենց Մոսկվայի համար»,- ընդգծել է հայ փորձագետը: