5 սեպտեմբերի 2008 - 17:31 AMT
Էտյեն Մահչուպյան. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավումը անցյալի հետ հաշտվելու խնդիրը չէ միայն
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը անցյալի իրադարձությունների հետ հաշտվելու խնդիրը չէ միայն: Անհրաժեշտ կլինի կայունության որոշակի շրջան, որպեսզի մենք կարողանանք հանգիստ նայել դեպի ապագա»,- հայտնել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էտյեն Մահչուպյանը: Նրա խոսքերով, ներկայիս Թուրքիայում կայունության պակաս է նկատվում, այդ իսկ պատճառով նա չի կարող խոսել իր անցյալի մասին: «Հարաբերությունների կարգավորումը նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ներքին քաղաքականության խնդիրն է, որը խանգարում է երկու երկրների միջեւ անկեղծ երկխոսության անցկացմանը»,- նշել է Էտյեն Մահչուպյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, ընդ որում` նշելով, որ 2004թ. Նյու-Յորքում Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլը հայտնել է, որ Անկարան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, իսկ օրերս թուրքական նախագահը հայտնել է, որ ֆուտբոլային հանդիպումը լավ հնարավորություն է` խոչընդոտները հաղթահարելու եւ երկու երկրների ազգերի միջեւ հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելու:

Ինչպես հայտնել է Ժան Էկիյանը,Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությանը սատարել է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: