5 սեպտեմբերի 2008 - 19:17 AMT
Ֆուտբոլային հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց էլ չի լինելու
Ֆուտբոլային հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց էլ չի լինելու, ինչպես եւ չեն լինելու կտրուկ փոփոխություններ երկու պետությունների քաղաքականության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, հնարավոր է հարաբերությունների փոփոխություն, որը կախված է Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի միջեւ բանակցությունների արդյունքից: «Աբդուլլա Գյուլի խնդիրները Երեւանում չեն, այլ` Անկարայում, որտեղ նա հակառակորդներ ունի պետական ապարատում, ընդդիմությանն ու իրեն Երեւանի բանակցությունների դրական արդյունքն է պետք»,- ասել է Իսկանդարյանը:
Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: