6 սեպտեմբերի 2008 - 15:28 AMT
Նախագահությունը ՀԱՊԿ-ում անցավ Հայաստանին
Մոսկվայում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որի ժամանակ նախագահությունը կազմակերպությունում 6 ամսով անցավ Հայաստանին, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Ինչպես ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, այս նստաշրջանի կարեւորագույն արդյունքներից մեկը դարձավ համակարգված դիրքորոշումը Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Կազմակերպության մեր գործընկերները միանշանակ գնահատական տվեցին Վրաստանի գործողություններին, Վրաստանի ագրեսիային Հարավային Օսեթիայում, սատարեցին Ռուսաստանի ակտիվ դերին, հանդես եկան Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի համար կայուն անվտանգության ստեղծման օգտին: Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք նեղ կազմով` անմիջական, ազնիվ եւ բաց: Եվ արդյունքն այն է, որ մենք այդպիսով ցուցադրեցինք ՀԱՊԿ-ում արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման մեր նոր որակը: Ռուսաստանը հանդես է գալիս վիճահարույց հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին, սակայն անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում եւս կոշտ կերպով պաշտպանել մեր շահերը` սա մեզ համար կատարվածի հիմնական դասն է, ընդ որում ղեկավարվելով, բնականաբար, միջազգային իրավական նորմերի պահպանմամբ»,-ասել է նա: Ըստ Մեդվեդեւի, քննարկվել են նաեւ այլ կարեւոր հարցեր: Մասնավորապես, ամփոփվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության պահպամանն ուղղված գործունեության արդյունքները: «Մենք շարունակեցինք աշխատանքը կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, մենք որոշեցին ապագայի համար մեր կողմնորոշիչները, հաշվի առնելով անվտանգության ժամանակակից մարտահրավերները»,-ասել է նա:
Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «ՀԱՊԿ-ն ուժեղ կազմակերպություն է: Սակայն ի՞նչ անել, որպեսզի մեր կազմակերպությունն ավելի հզորանա: Բացի նրանից, որ մենք պետք է զորացնենք կազմակերպության ռազմական բաղադրիչը, ես կարծում եմ, լրջորեն պետք է համակարգել նաեւ մեր արտաքին քաղաքական գործունեությունը, քանի որ մենք մեկ կազմակերպության անդամներ ենք եւ ոչ թե պետք է միայն հայտարարենք այդ մասին, այլ ղեկավարվենք դրանով»: