6 սեպտեմբերի 2008 - 16:43 AMT
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է կովկասյան տարածաշրջանում կայունության, անվտանգության ու համագործակցության ամրապնդմանը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 6-ին ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Գյորան Լենմարկերի խնդրանքով, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, նախարար Նալբանդյանը նշեց, որ ս.թ. հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, վերջիններս հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ, 2007 թ. նոյմեբերին ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Կողմերը, վկայակոչելով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, նշեցին, որ հիմնախնդրների կարգավորումը կարող է լինել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել բոլոր խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն, եւ որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուղղված է կովկասյան տարածաշրջանում կայունության, անվտանգության ու համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարավեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային խնդիրների: