6 մայիսի 2019 - 17:24 AMT
Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ կանցկացվի

Մայիսի 7-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ նահանգների միջև ռազմավարական երկխոսության նիստ տեղի կունենա, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Հայկական միջգերատեսչական թիմը կղեկավարի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ:

Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: