7 մայիսի 2019 - 11:03 AMT
Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները չեղարկվել են. ԵՄ-ն բացատրություն է պահանջել

Թուրքիայի բարձրագույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները։

Մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը, որը գրեթե 15,000 քվե ավելի էր ստացել երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմից, որին առաջադրել էր իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ): ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին: ԿԸՀ-ն ձայների մեծամասնությամբ չեղարկել է ընտրությունների արդյունքները, հայտնում է Deutsche Welle-ն:

Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին։

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի ԿԸՀ-ին անհապաղ իր որոշման հիմնավորումները ներկայացնել: Այդ մասին հայտարարել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Յոհաննես Հանը:

Հաղթած ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր դժգոհությունն ու վրդովմունքը այս որոշման առնչությամբ։