7 մայիսի 2019 - 10:22 AMT
Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է

Մայիսի 6-ի երեկոյան հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Գանձասարը»: Հրթիռներն արձակել են զինյալ ահաբեկչականն խմբավորումները:

«3 հրթիռ ընկել է Էսկյուրան գյուղի շրջակայքում: Վիրավորվել է 2 քեսաբահայ, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Վիրավորների առողջական վիճակը կայուն է»,-ասվում է գրառման մեջ:

Քեսաբ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է հայերով,2014-ին հարձակման էր ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Խաղաղ ժամանակներում լեռնային այս քաղաքը համարվում էր լավագույն հանգստավայրերից մեկը երկրի հյուսիսում։

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: