7 մայիսի 2019 - 17:08 AMT
Դատախազ. ԼՂ նախագահների՝ Քոչարյանին ազատելու հարցը մեր լիազորությունների տիրույթում չէ

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքին:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից», - ասված է պատասխանի մեջ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: