
Երևանի քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող լուծել վերելակների փոխարինման հարցը, բնակիչները ևս պետք է վճարեն: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի բնակելի շենքերի վերելակների խնդրին և նշելով, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից սկսած ծրագիր են գրում, որ վերելակներն ամբողջությամբ փոխարինվեն:
«Սակայն այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաև բնակիչները»,- նկատել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Հայկ Մարությանի խոսքով՝ ծրագրի պատրաստ լինելուց հետո այն կներկայացնեն կառավարությանը, քանի որ քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող այս հարցը լուծել: «Սա տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր խնդիրն է, որ փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- նշել է Հայկ Մարությանը:
Նա նաև ասել է որ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն, թող վերելակների խնդիրը լուծեն՝ քաղաքապետն ասել է, որ բյուջեով պլանավորված ոչ մի լումա չի գնում աշխատավարձերի բարձրացմանը. «Տարիներ շարունակ բոլորն ասում են, որ պետական սեկտորի աշխատողները քիչ են աշխատավարձ ստանում։ Մենք 20 տոկոսով բարձրացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։ 10 տարի այդպիսի բան չի եղել, հիմա դրա համար մեզ պետք է քննադատե՞ն, թե՞ ողջունեն»:
Մայիսի 9-ին Երևանի Աջափնյակում՝ 16 թաղամասում բազմաբնակարան շենքի վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել էր, վերելակը երկրորդ հարկից սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չէին ստացել: