8 սեպտեմբերի 2008 - 20:23 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առաջնայնությունները կազմակերպությունում
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Էդվարդ Նալբանդյանը եւ Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, իրականացվելիք բարեփոխումներին եւ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Ներկայացնելով ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունները` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է իր նախագահության ընթացքում, ոչ միայն ապահովել ՍԾՏՀ գործունեության շարունակականությունը, այլեւ նոր տարրերով հարստացնել կազմակերպության գործունեությունը: