10 սեպտեմբերի 2008 - 17:48 AMT
Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը պետք է ոչ թե ամերիկյան, այլ ռուսական նախագիծ լինի
Որոշակի ջերմացումն Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում կարելի է դրական գնահատել: Թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է փուլ առ փուլ կարգավորվեն: Այդ մասին PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նա նշել է, որ խորհրդակցությունները երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով դադարել են գաղտնիք լինելուց, Սերժ Սարգսյանն առաջարկեց իր թուրք գործընկերոջը ժամանել Երեւան ֆուտբոլային խաղի, Աբդուլլա Գյուլը այցելեց Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին, որն այժմ Թուրքիայի տարածքում է: «Հայկական երկաթուղու ռուս կոնցեսիոներները հայտարարում են Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղը վերականգնենլու պատրաստակամության մասին: Արտերկրյա ԶԼՄ-ներում նույնիսկ տեղեկություններ են հայտնվել Հայաստանի հետ որոշ նավթայի ընկերությունների բանակցությունների վերաբերյալ` երկրի հյուսիսում (այլ կերպ ասած` շրջանցելով Վրաստանը) գազամուղի առավել անվտանգ ճյուղավորման շուրջ (մասնավորապես, նշվում է Այրում-Գյումրի-Ախուրյան երթուղին): Բնականաբար, դեռեւս սրանք ընդամենը հնարավոր տարբերակներ են, սակայն Վրաստանի եւ հատկապես ԱՄՆ-ի ապակառուցողական դերը տարածաշրջանում գնալով ակնհայտ է դառնում ոչ միայն Ռուսաստանի կամ Իրանի համար, այլ նաեւ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցների, ինչպիսին է Թուրքիան, եւ չի բացառվում, նաեւ Եվրամիության երկրների համար, որոնք մտահոգ են իրենց էներգետիկ անվտանգության խնդիրներով: Տարածաշրջանային անվտանգությունն ապահովող մեխանիզմների ընդհանուր ընկալումը անհրաժեշտ նախադրայլներ կստեղծի առկա վիճելի հարցերի կարգավորման համար»,- ասել է վերլուծաբանը:

Ապագայում հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, նրա կարծիքով, եւ սահմանի մասնակի ապաշրջափակումը չպետք է օգտագործվի որպես փաստարկ, որ թույլ կտա հարց բարձրացնել ՀՀ տարածքից ռուսական ռազմակայանի շուտափույթ դուրսբերման մասին: «Հայ-թուրքական սահմանի բացումը պետք է ոչ թե ամերիկյան, այլ ռուսական նախագիծ լինի: Կարեւոր է ընդգծել հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության կայունացնող գործոնը չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պարագայում, ինչպես նաեւ այն փաստը, որ Անկարան որոշակի կախվածություն ունի Ադրբեջանի շահերից` կապելով Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը «անվտանգության գոտուց» ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերման պահանջների հետ: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հայկական իշխանությունների ֆլիրտը, սեպտեմբերին սպասվող համատեղ զինվորական ուսուցումը հասկանալի է հաճոյախոսությունների քաղաքականության կոնտեքստում, բայց պետք է հստակ գիտակցել, որ արեւմտյան խաղացողները փորձելու են օգտագործել Կովկասի ժողովուրդներին` որպես սպառման հումք (դա է ցույց տալիս նաեւ վրացական օրինակը) : Որեւէ գայթակղիչ խոստումով Ռուսաստանի հեռացումը դժվար թե դրական կերպով կանդրադառնա Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգության վրա: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ՆԱՏՕ-ի օգնությամբ: Կովկասում Ռուսաստանի դիրքերի մասնակի վերականգնումը վրացական ագրեսիայից հետո, Թուրքիայի եւ Իրանի հետ ընդհանուր տեսակետները ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության հարցում, հնարավոր է, դրդեն պաշտոնական Բաքվին ղարաբաղյան խնդրի լուծման ավելի համապատասխան ճանապարհներ փնտրել: Բայց եւ այնպես, մոտակա ամիսների ընթացքում եւ մինչեւ Ադրբեջանի նախագահի ընտրությունները դա հաստատ տեղի չի ունենա»,- ընդգծել է Արեշեւը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ