11 սեպտեմբերի 2008 - 15:43 AMT
Եթե Բաքուն ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ապա նա պետք է լուծի ղարաբաղյան խնդիրը, կամ մոռանա նրա մասին
Եթե ինչ-որ երկիր ցանկանա անդամակացել ՆԱՏՕ-ին, նա պետք է պարտադիր կերպով կատարի Դաշինքի կանոնադրության մեջ գրանցված բոլոր պայմանները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: «ՆԱՏՕ-ում այսպիսի կանոն կա` եթե երկիրը չլուծված խնդիրներ ունի, նա կարող է անդամակցել Դաշինքին միայն դրանց կարգավորման դեպքում: Դա վերաբերվում է նաեւ Վրաստանին, որը «լուծեց» օսական եւ աբխազական հակամարտությունների հարցը, եւ Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ ռուս քաղաքագետների հայտարարությունները հստակ արտահայտում են առկա իրողությունները` եթե Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ապա նա պետք է լուծի ղարաբաղյան խնդիրը, կամ մոռանա նրա մասին: Սակայն բոլորն են հասկանում, որ մինչ այժմ ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով կարգավորել չի հաջողվում: Այնպես որ Ադրբեջանը չի կարող գնալ Վրաստանի կամ Ուկրաինայի ճանապարհով»,-ասել է Պողոսյանը:
«Եթե Վրաստանը առանց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, իսկ նրա ետեւից Ադրբեջանն` առանց Լեռնային Ղարաբաղի անդամակցեն ՆԱՏՕ-ին, ապա, ինչպես ասում են, բարի ճանապարհ: Հաճույքի համար հարկավոր է վճարել»,-օրերս հայտարարեց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը: Նրա խոսքերով, եթե Վրաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հաճույքի համար որոշել են կորցնել «իրենց տարածքները», ապա դա Ռուսաստանի մեղքը չէ, դա արդեն իրենց մեղքն է:
«Որքան գիտեմ ադրբեջանցիների համար դա ցավոտ թեմա է եւ նրանք ոչ մի դեպքում չեն զիջի Ղարաբաղը, ուստի ավելի շուտ նրանք կորոնեն Ղարաբաղը վերադարձնելու ցանկացած ուղիներ, ես նույնիսկ չեմ բացառում, որ հանուն այդ նպատակի նրանք կմերձենան Ռուսաստանի հետ: Այնպես որ այս տարածաշրջանում հնարավոր են տարբեր դասավորություններ»,-նշել է Մակարկինը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: