13 սեպտեմբերի 2008 - 15:16 AMT
Հայաստանը Վրաստանի կայունության եւ անվտանգության մեջ ամենաշատը շահագրգռված երկրներից մեկն է
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկվարը նշել է, որ Հայաստանը, թերեւս,Վրաստանում կայունության, անվտանգության եւ խաղաղության մեջ ամենաշատը շահագրգռված երկրներից մեկն է, եւ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ ապրանքաշրջանառության շուրջ 70%-ն անցնում է Վրաստանի տարածքով, այլեւ որ Հայաստանին եւ Վրաստանին ու երկու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը:

Միխայիլ Սահակաշվիլիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Հանդիպմանը քննարկվեել են նաեւ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր:

Սեպտեմբերի 13-ին Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում ՀՀ դեսպանությունում հանդիպեց վիրահայ համայնքի ներկայացուցիչներին եւ նրան ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: ԱԳ նախարարը անդրադարձավ նաեւ Հայաստանում ստեղծվելիք Սփյուռքի հարցերով նախարարության գործառույթներին:

Նույն օրը նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան: