13 սեպտեմբերի 2008 - 16:34 AMT
Մեթյու Բրայզան Կովկասյան պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը կոնստրուկտիվ է համարում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը կոնստրուկտիվ է համարում: Ինչպես Ստեփանակերտում հայտնել է Մեթյու Բրայզան, նա ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, ինչը, համապատասխանաբար, ավելի առողջ մթնոլորտ կստեղծի եւ կնպաստի որպեսզի բանակցությունների ժամանակ Հայաստանն ավելի ազատ դառնա: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները մեծ քաղաքական ռիսկի են դիմել եւ համարձակություն դրսեւորել: Բայց եւ այնպես, չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների փոփոխման գործընթացին, անհրաժեշտ է ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները հայտնեցին, որ այդ հանդիպումը կուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ հետագա երկխոսության համար: Երեւանում Սերժ Սարգսյանն ու Աբդուլլա Գյուլը քննարկել են «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման պաշտոնական Անկարայի նախաձեռնությունը, որին, թուրքական կողմի առաջարկի համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել երկխոսության` որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության եւ վստահության ամրապնդման երաշխիք, գնահատել է թուրքական նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ: Օրերս Աբդուլլա Գյուլը Սերժ Սարգսյանին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների պատասխան հանդիպումը դիտելու համար Ստամբուլ այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկել: