3 հունիսի 2019 - 16:04 AMT
Ռուսական ԶԼՄ. Միհրան Պողոսյանը տնային կալանքի տակ է

ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է՝ նա մեկուսարանից տեղափոխվել է տնային կալանքի տակ՝ վարձով բնակարանում:

Ապրիլի 23-ին Պողոսյանը կալանավորվել էր 40 օրով, ժամեկտի ավարտին դատախազությունը քաղաքային դատարանին միջնորդություն էր ներկայացրել Պողոսյանի կալանքը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին իր հերթին միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցն իր պաշտպանյալի համար տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ: Արդյունքում մայիսի 24-ին դատավոր Անտոն Լեվկինը տնային կալանք է սահմանել Պողոսյանի համար 6 ամսով, հայտնում է stolicaonego.ru-ն:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է, որ դատախազությունը «պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել այդ մասին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին «Ռունա» պարբերականին հայտնել էր Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: