4 հունիսի 2019 - 10:50 AMT
Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելու օրենքն ընդունվել է

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված նախագիծն ընդունվել է միաձայն:

Դրանով աջակցություն է տրամադրվելու այդ իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

Նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկության նախագծում կատարվել է փոփոխություն. նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով: