Հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը հայտնել է, որ աշխատանքներ են տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ:
Նա նշել է, որ ընկերությունը պատրաստ է սկսել նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները:
«Մենք սկսել ենք գործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասել է Էռնեկյանը:
Նա նաև ուրախություն է հայտնել նոր կառավարության հետ ամուր գործակցության համար:
«Վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասել է Էռնեկյանը:
Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 50 օդանավակայանում: