7 հունիսի 2019 - 14:52 AMT
«Յանդեքսը» մտադիր է ՀՀ-ում զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման նոր ծառայություններ մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ գործակցության:

Մասնավորապես, նրանք նշել են, որ «Յանդեքսը» հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքսի» ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում: Գործադիրի ղեկավարի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը: