18 սեպտեմբերի 2008 - 17:29 AMT
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման համար
«ԱՄՆ-ն մտադիր է կրկնապատկել ջանքերն, ուղղված Հարավային Կովկասում լարվածության նվազեցմանն ու հակամարտությունների լուծմանը»,-նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բըրնսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարների մասին լսումների ժամանակ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Իր ելույթի ընթացքում Վիլյամ Բըրնսը նշել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելու համար դրսեւորել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը: «Մենք կանենք հնարավորը ղարաբաղյան հակամարտության արդարացի եւ վերջնական լուծման համար»,-ընդգծել է պետքարտուղարի տեղակալը:
Վիլյամ Բըրնսը նաեւ բարձր գնահատեց Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, որը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան, եւ թուրք նախագահի պատրաստակամությունը, որն ընդունեց իր հայ գործընկերոջ հրավերը:
«Երկու նախագահների հանդիպումը նոր մթնոլորտ է ստեղծել հայ-թուրքական հարաբերություններում: Այն թույլ է տալիս հուսալ, որ երկար սպասված հարաբերությունների ջերմացումը Երեւանի ու Անկարայի միջեւ վերջապես սկսվեց»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եւ նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել նաեւ առեւտրի եւ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը ողջ Հարավային Կովկասում;