19 հունիսի 2019 - 14:34 AMT
ԱՄՆ-ն Արցախում ականազերծման ծրագրին $1.5 մլն կտրամադրի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար $1.5 մլն-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը:

Համապատասպան առաջարկը ներկայացրել է կոնգրեսական Թիջեյ Քոքսը. դրանով փոփոխություն կարվի 2020 թվականի ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծում:

Առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:

«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը»,- ասել է Քոքսը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: