22 սեպտեմբերի 2008 - 17:39 AMT
Սերժ Սարգսյան. Ես զարմացած եմ, որ մեզ մեղադրում են տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ
«Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ պետք է կարգավորվեն մինչ ցանկացած տիպի համատեղ հանձնաժողովի ստեղծումը»,-թուրքական «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես ասել եմ, որ դեմ չեմ հանձնաժողովի ստեղծմանը: Սակայն եկեք սկզբից բացենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք: Հետո մենք կարող ենք տարբեր հարցերով զբաղվող հանձնաժողովներ ստեղծել»,-ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքերով, հանձնաժողովի ստեղծմամբ հարաբերություններ չես հաստատի, նրա որոշումները կկրեն խորհրդատվական բնույթ երկու երկրների կառավարությունների համար: «Մեկ անգամ արդեն ստեղծվել է հաշտեցման հանձնաժողով ԱՄՆ-ի հովանու ներքո: Եվ ո՞վ է հիշում այդ մասին, ո՞վ ճանաչեց նրա եզրակացությունները: Ոչ ոք»,-ընդգծել է ՀՀ նախագահը:
Միեւնույն ժամանակ Սարգսյանը նշել է, որ ոչ մի հայ քաղաքական գործիչ մինչ այժմ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Ես զարմացած եմ, որ մեզ մեղադրում են տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ»,-ասել է Ս.Սարգսյանը:
Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը գոյատեւեց 2001-2003թթ.: Նրա կազմում ընդգրկված էին Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետներ ու պատմաբաններ: Հանձնաժողովի նպատակն էր ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը: Հանձնաժողովը դադարեցրեց իր գործունեությունը, քանի որ անկարող եղավ միասնական կարծիքի գալ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ, որի ժամանակ ջարդի ու բռնագաղթի ենաթրկվեցին շուրջ 2 մլն հայեր: 1,5 հայերը սպանվեցին, մնացած 500 հազարը սփռվեցին աշխարհով մեկ: Կոտորածից փրկված հայերի մի մասը մնաց Թուրքիայիում եւ իսլամացվեց: