23 սեպտեմբերի 2008 - 13:31 AMT
Առնոլդ Շվարցենեգգերը Կալիֆոռնիայի հայերին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգգերը շնորհավորել է նահանգի հայկական համայնքին Հայաստանի անկախության 17-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Արեւմտյան տարածաշրջանի Ամերիկայի Հայկական Հանձնախումբը (ANCA-WR), ուղերձում Կալիֆոռնիայի հայերին շնորհակալություն է հայտնվում նահանգի բարգավաճման մեջ ունեցած ներդրման համար: «Հայերը մեծ ներդրում են ունեցել տնտեսության զարգացման գործում եւ, կապելով իրենց կյանքը Կալիֆոռնիայի հետ, հարստացրել են մեր նահանգը: Ինձ համար մեծ պատիվ է շնորհավորել ձեզ տոնի առթիվ: Որպես գաղթական` ես սեփական օրինակով գիտեմ, թե որքան կարեւոր է հիշել քո արմատների մասին: Այդպիսի օրերը հիշեցնում են մեզ ոչ միայն ավանդույթների, այլեւ մեր Ոսկե Նահանգի բազմամազանության մասին: Ես բոլոր կալիֆոռնիացիների անունից ձեզ մաղթում եմ չմոռանալ ավանդույթները եւ հաջող ապագա»,- ասվում է Շվարցենեգգերի ուղերձում:
Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի (ՀՀ ԳԽ) առաջին նիստի ժամանակ` 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը լուծարվեց եւ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի դրույթով անցկացվեց հանրաքվե` ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը քվեարկեցին անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին ԳԽ-ը Հայաստանը անկախ հռչակեց: