23 սեպտեմբերի 2008 - 17:43 AMT
Թուրքիան Կովկասում բոլոր ուղղություններով ցանկանում է ընդլայնել ազդեցության ոլորտները
Վրաստանի հակամարտությունից հետո կովկասյան տարածաշրջանի ցանկացած երկիր ցանկանալու է հասնել ազդեցության ոլորտի ընդլայնման: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՍՊբՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, քաղաքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, այդ գործընթացում ակտիվացել են Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը: «Թուրքիայի եւ Իրանի նպատակները, բնականաբար, տարբեր են: Թուրքիան իսկապես ցանկանում է Կովկասում բոլոր ուղղություններով ընդլայնել ազդեցության ոլորտը: Դա գալիս է նրա պատմական, քաղաքական եւ տնտեսական շահերից: Իրանի խնդիրն ավելի բարդ է. նա պետք է ապացուցի, որ միջազգային հանրության լիիրավ անդամն է»,- ասել է ռուս փորձագետը:

Նա գտնում է, որ Թուրքիայի համար ծայրահեղ կարեւոր են Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես էներգոռեսուրսների փոխադրման գործում : «Ես բազմիցս ասել եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մայրուղին խիստ անհարմար է եւ սարսափելի թանկ: ԲԹՋ-ն աշխարհի ամենաթանկ նավթամուղն է: Բայց եթե այն անցնի Հայաստանի տարածքով, նավթը շատ ավելի էժան կլինի եւ Թուրքիան դրանից միայն կշահի»,- նշել է Սոտնիչենկոն, ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է հեռանա տարածաշրջանից: