27 սեպտեմբերի 2008 - 16:09 AMT
Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հանրի Մորգենթաուի վկայությունները
Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ջեյմս Ջեֆրին, պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի նախագահի եւ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածու Ջո Բայդենի հարցերին, հայտնել է, որ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայում իրենց դիվանագիտական ծառայությունն իրականացնող այլ ամերիկյան դեսպանների հաղորդումներն ու զեկույցները փաստացիորեն նկարագրում են կայսրությունում հայ բնակչության ոչնչացումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (ANCA):
«Չնայած, որ Ջեյմս Ջեֆրին հարկ եղած ձեւով չճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխաններում այսքան տարիներ լռելուց հետո նա հրապարակավ համաձայնեց, որ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպանները հաստատել են այն փաստը, որ Օսմանյան Կայսրության կառավարությունը վարել է հայ բնակչության ոչնչացման նպատակադրված եւ համակարգված քաղաքականություն»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Լսումների ընթացքում նախագահ Բայդենը Ջեյմս Ջեֆրիին հարցրել է, թե արդյոք նա կասկածի տակ է դնում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Կայսրությունում իրենց դիվանագիտական առաքելությունը կատարող ամերիկացի դիվանագետները փաստացիորեն գրանցել են հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կայսրության համակարգված քաղաքականությունը: Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է. «Ոչ, ես շատ փաստաթղթեր եմ կարդացել Թուրքիայում 1915-1916թթ. կատարված իրադարձությունների մասին եւ կասկածի տակ չեմ դնում այն հանգամանքը, որ դեսպան Մորգենթաուն, դեսպան Էլկուսը եւ ԱՄՆ մյուս դեսպանները Օսմանյան Թուրքիայում իրենց դիվանագիտական առաքելության ընթացքում նկարագրել եւ հաստատել են հայ բնակչության ոչնչացմանն ուղղված գործողությունները»: