12 հուլիսի 2019 - 16:45 AMT
Ռուսական Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա սկսվել է

Չնայած ԱՄՆ դժգոհությանը, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առաքումը Թուրքիա սկսվել է: Առաջին բաղադրիչներն արդեն հասել են Անկարայի արվարձանում գտնվող Մյուրթեդ ավիառազմակայան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Մեկնարկել է Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա: Պայմանագրի շրջանակում բաղադրիչների առաջին խմբաքանակը հասցվել է Մյուրթեդ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պայմանագրով նախատեսվում է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում Թուրքիային:

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը և օգտագործմանը ՆԱՏՕ-ի օդային տարածքում և տուգանքներով է սպառնում Թուրքիային: 2018-ին ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի դեմ, որ սահմանվել էին ամերիկացի հոգևորականին ապօրինաբար ձերբակալելու համար, զգալիորեն վնասեցին թուրքական տնտեսությանը: