18 հուլիսի 2019 - 11:29 AMT
Նախարար. Իջևանում ակցիան ոչ թե գյուղացիների վառելափայտի համար էր, այլ նեղ անձանց բիզնեսի շահի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ:

«Երկար տարիներ իր այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ ոչ մի փոխզիջում չի լինելու ապօրինությանը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդգծել է, որ ակցիայի նպատակը ոչ թե վառելափայտի խնդրի լուծումն է, այլ բիզնեսը:

«Խոսքը չի գնում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, քանի որ պետությունը գյուղացիներին տաքանալու համար անվճար վառելափայտ տալիս է, և ամբողջ ակցիայի նպատակն է հնարավորություն ստանալ փայտի բիզնեսով զբաղվել, և ոստիակնության պահակակետերը անտառում խոչընդոտում են իրենց»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված ապօրինի անտառհատումների դեպքով: