1 հոկտեմբերի 2008 - 14:03 AMT
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվելու է ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվելու է ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը: «Եվրոպայի Խորհրդի անդամ երկու պետություններին իրար հակադրած հարավկովկասյան հակամարտությամբ մտահոգության» պատրվակով ԵԽԽՎ 24 անդամներ հանդես եկան «Ռուսաստանին լիազորություններից զրկելու առաջարկով»:

ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչն առաջարկել է քննարկել այս հարցը հոկտեմբերի 2-ին նստաշրջանի գլխավոր «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքները» թեմայի վերաբերյալ բանաձեւ ընդունելուց հետո, սակայն Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը պնդեց, որ քննարկումը տեղի ունենա մինչ բանաձեւի քվեարկությունը, ինչպես դա պահանջում է վեհաժողովի կանոնակարգը: Ինչպես նշել է Կ.Կոսաչովը, Ռուսաստանին լիազորություններից զրկելու առաջարկը անհեթեթ է եւ անիմաստ: Չէ որ առանց ռուսական պատվիրակության ներկայության այս նստաշրջանի գլխավոր թեմայի քննարկումը ֆարսի կվերածվի: Դա կարող է դժվարին կացության մեջ դնել Եվրոպայի Խորհրդին նաեւ այն պատճառով, որ նա «հակամարտության համար հավասարապես պատասխանատու է համարում երկու կողմերին` ՌԴ-ին եւ Վրաստանին» եւ մինչ օրս չի կարողանում պարզել, թե որ երկիրն է առաջինը սկսել ռազմական գործողությունները Հարավային Օսեթիայի դեմ: Ընդ որում Եվրոպայի Խորհուրդը թույլ է տալիս, որ քննարկվի ռուսական պատվիրակության նախապես հաստատված լիազորությունների վերանայման հարցը: ԵԽԽՎ պատմության մեջ նման աննախադեպ պատժամիջոցը կարող է նշանակել միայն, որ կովկասյան ողբերգության ողջ մեղքը նախապես բարդվում է Ռուսաստանի վրա, հաղորդում է ՌԲԿ-ն: