1 հոկտեմբերի 2008 - 19:21 AMT
Ռուսաստանը փորձում է գոյություն ունեցող մեխանիզմներից դուրս վերակենդանացնել խաղաղ կարգավորման գործընթացը Ղարաբաղում
«Օգոստոսյան ճգնաժամից ի վեր Ռուսաստանը մեծ ջանքեր եւ էներգիա է ծախսում, որպեսզի գոյություն ունեցող միջազգային մեխանիզմների շրջանակներից դուրս վերակենդանացնի խաղաղ կարգավորման գործընթացը Մերձդնեստրիայում եւ Լեռնային Ղարաբաղում: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկու անգամ հանդիպել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի եւ մեկ անգամ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այժմ ռուս դիվանագետները փորձում են կազմակերպել Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը, որի տերն ու տիրականը կլինի Մեդվեդեւը»,- գրում է Eurasianet-ը:
Հրատարակության կարծիքով, Մոսկվան իր խաղաղաստեղծ գործունեության հարցում անսպասելի օգնական է գտել ի դեմս Թուրքիայի: «Օգոստոսյան վրացա-ռուսական ճգնաժամի ամենաթեժ պահին թուրք վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը հանդես եկավ Կովկասի անվտանգության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման գաղափարով` 1999թ. Հարավ-Արեւելյան Եվրոպայի կայունության համաձայնագրի նմանությամբ: Ըստ Էրդոգանի, տվյալ պլատֆորմը պետք է միավորի հինգ տարածաշրջանային պետություններ` Ռուսաստանին, Թուրքիային, Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին, եւ դառնա հակամարտությունների կանխման համակարգված մեխանիզմ, ինչպես նաեւ Կովկասում վստահության, ժողովրդավարության զարգացման եւ տնտեսության ծաղկմանը նպաստող գործիք: Վրաստանից բացի տարածաշրջանի բոլոր պետությունները ողջունել են թուրքական նախաձեռնությունը, իսկ Ռուսաստանն առաջարկել է օգնել նախագծի իրագործման հարցում: Երեւանում նույնպես կասկածանքով մոտեցան այդ նախաձեռնությանը: Մասնավորապես, հայկական ընդդիմության առաջնորդները առաջարկվող պլատֆորմի մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր միջնորդի դիրքերից խախտելու փորձ են տեսնում: Նախագահ Սարգսյանի վարչությունը փորձել է ցրել այդ կասկածները` հավատացնելով եւ պնդելով, որ մտադիր է այսուհետ էլ աշխատել`հաղորդակցվելով Մինսկի խմբի հետ, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը»,- ընդգծվում է «Ռուսաստանը եւ Թուրքիան փորձում են փոփոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների ձեւաչա՞փը» հոդվածում:
Անկարայի TURKSAM գիտական կենտրոնի նախագահ Սինան Օգանի տեսակետից, գոյություն ունեցող միջազգային մեխանիզմը ցույց է տվել իր ոչ բավարար պոտենցիալը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Այդպիսով, կարելի է ակնկալել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ապագայում կլուծարվի, իսկ նրա տեղը կգա նոր մեխանիզմ, որը մշակված կլինի կովկասյան պլատֆորմի շրջանակներում»,- գտնում է Սինանը: