25 հուլիսի 2019 - 16:59 AMT
Շարմազանովը միացել է ՀՀԿ-ի օրոք ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի շենքի դիմաց միացել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին:

Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի հունվարի 18-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են», 168.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը:

Ընթերցեք նաև՝ «Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից»: