4 հոկտեմբերի 2008 - 18:18 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Եվրախորհրդարանը կարեւոր դեր է կատարում եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի մերձեցման գործում
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը` լիբերալ-դեմոկրոտական խմբակցության լեհ պատգամավոր Պավել Պիսկորսկու գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է եվրոպական ընտանիքի հետ մերձեցման քաղաքականությունը, իսկ այդ գործընթացում մեծ է Եվրոպական խորհրդանաի դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությանը եւ համարում է, որ այդ ձեւաչափում համագործակցությունը լուրջ հնրավորություններ է ընձեռում մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններում Եվրախորհրդարանի դերակատարությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ինչի կապակցությամբ երկուստեք նշվեց խնդիրների խաղաղ կարգավորման կարեւորությունը: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: