9 օգոստոսի 2019 - 15:13 AMT
Փաշինյանն ու Մեդվեդևն առանձնազրույց են ունեցել Ղրղզստանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույց են ունեցել Ղրղզստանում: Նրանք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի միջոցաումների շրջանակում էլ կայացել է հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Ավելի վաղ Մեդվեդևը հանդիպում է ունեցել նաև իր բելառուս պաշտոնակից Սերգեյ Ռումասի հետ:

ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման,ԵՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։