8 հոկտեմբերի 2008 - 18:57 AMT
Հայաստանը շահագրգռված է Շվեյցարիայի հետ համագործակցության զարգացման մեջ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը կարեւորել է Շվեյցարիայի հետ համակողմ կապերի զարգացումը եւ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին ձեւավորվել է երկկողմ գործակցության բավականին հետաքրքիր օրակարգ: Ըստ Սերժ Սարգսյանի, փոխգործակցության հետագա ամրապնդման համար նշանակալի քայլ կլինի Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

«Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, եւ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկիր, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով եւ պաշտպանված իրավունքներով կզգա»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նա հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահել խորհրդարանական հարաբերություններին Երեւանի եւ Բեռնի միջեւ համագործակցության զարգացման գործում եւ իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի Ազգային Խորհրդի կողմից 2003 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առթիվ: Բացի այդ, ՀՀ ղեկավարը գնահատել է պաշտոնական Բեռնի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանի, եւ մասնավորապես Հայաստանի նրբանկատ խնդիրների հարցում:

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նա ասել է. «Մեր նպատակն է փոխզիջումների հիման վրա հասնել խնդրի խաղաղ կարգավորման` հաշվի առնելով պատմական իրողությունները եւ, իհարկե, առաջին հերթին մարդկանց ապագան»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նախագահը մեկ անգամ եւս կրկնել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որից հետո արդեն, որպես հարեւաններ, քննարկել բազմաթիվ խնդիրներ:

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավարն` ընդգծելով երկկողմ ընդհանրությունները, նշել է, որ երկու ժողովուրդները նմանատիպ մշակույթի կրողներ են, երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, հարուստ չեն բնական ռեսուրսներով, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ եւ գիտելիքներ: Նա երկու ժողովուրդներին միացնող կարեւոր գիծ է համարել նաեւ Շվեյցարիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ տածած համերաշխության զգացումը: Պատգամավորի խոսքով, «Ցեղասպանության ճանաչումը դարձավ յուրատեսակ մեկնակետ, որը, սկիզբ առնելով պատմությունից, միտվեց դեպի ապագան»:

Հանդիպմանը խոսվել է նաեւ տարբեր ոլորտներում իրականացվող հայ-շվեյցարական ծրագրերի մասին: