10 հոկտեմբերի 2008 - 17:55 AMT
Նամիկ Թան. Եթե Կնեսսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կհարվածի Թուրքիայի եւ Իսրայելի մարտավարական հարաբերություններին
«Եթե Կնեսսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կհարվածի Թուրքիայի եւ Իսրայելի մարտավարական հարաբերություններին»,- հայտնել է Թել-Ավիվում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը: Նա հիշեցրել է, որ Անկարան հրատապ կերպով հետ է կանչել իր դեսպաններին անգամ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, երբ այդ պետությունների խորհրդարանները քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Թուրք դեսպանը ծայրահեղ բացասական կարծիք է հայտնել պատգամավորներ Կնեսսետ Հայիմ Օրոնի (ՄԵՐԵՑ) եւ Զեեւա Էլկինի («Կադիմա») նախաձեռնության վերաբերյալ, վերջիններս այս տարվա մարտին խորհրդարանում առաջարկել են քննարկել 1915թ. Հայոց ցեղասպանության ճամաչման հարցը: Նամիկ Թանը օժանդակել է նախագահ Շիմոն Պերեսի կարծիքը. հայերի ողբերգությունը կարող է քննարկվել, բայց «դա պատմագետների, եւ ոչ թե քաղաքական գործիչների խնդիրն է»: Դեսպանը Օրոնի եւ Էլկինի նախաձեռնությունը համեմատել է այն բանի հետ, որ որեւէ թուրք քաղաքական գործիչ սկսեր Իսրայելին մեղադրել պաղեստինցիների ցեղասպանության մեջ: Թանը հույս ունի, որ Կնեսսետը Թուրքիայի հետ գործընկերական հարաբերությունների գիտակցական ոչնչացման չի գնա:

Ավելի վաղ Զեեւ Էլկին հայտնել էր, որ Կնեսսետում Հայոց ցեղասպանության քննարկումը «մեզ համար մեծ խնդիրներ չի բերի» Թուրքիայի եւ Ադրբեջանի առնչությամբ: «Այդ պետությունները պետք է հասկանան, որ Իսրայելը չի կարող խուսափել Հայոց ցեղասպանության խնդրից, երբ բոլոր արեւմտյան խորհրդարաններն արդեն քննարկել են այդ թեման»,- նշել է իշխող կուսակցության խորհրդարանական անդամը IzRus պորտալին տված հարցազրույցում:

Այդ կապակցությամբ Թանը հաղորդել է, որ լավ տպավորություն է ստացել Էլկինի եւ Օրոնի հետ հանդիպումից. «Նրանք շատ քաղաքակրթված եւ մտավորական մարդիկ են: Ամենայն հավանականությամբ, նրանք դարձել են Իսրայելի հայկական փոքրամասնության որոշակի ազդեցության զոհը»:

Թուրք-իսրայելյան հարաբերությունների առնչությամբ «հայկական սպառնալիքի» պայմաններում Նամիկ Թանն ընդգծել է Անկարա-Բաքու-Երուսաղեմ ձեւավորվող մարտավարական ալյանսի կարեւորությունը: Նրա կարծիքով, այդ եռակողմ միության լավագույն հիմքը համագործակցությունն է տնտեսության ոլորտում, հատկապես համատեղ նախագծերը էներգետիկ ճյուղում. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը գործում է արդեն երկու տարի (դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստը տանող կասպիական նավթի փոխադրման խողովակաշար` տեղադրված Միջերկրական ծովի ափին): Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի նավթն ու գազը Իսրայել հասնեն, իսկ այստեղից էլ` Աշկելոն-Էյլատ խողովակաշարով Չինաստան եւ Ճապոնիա»: