14 հոկտեմբերի 2008 - 15:40 AMT
«Հրանտ Դինքի ընկերներ» թիմը ստամբուլյան դատարանից արդար վճիռ է ակնկալում
«Հրանտի ընկերներ» նախաձեռնող թիմը դիմումով հանդես է եկել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի 7-րդ լսումի ժամանակ, որը սկսվել է Ստամբուլի Քրեական դատարանում: «Նա, ով սեղմել է ատրճանակի հրահանը, հայտնի է, բայց ո՞վ է հրացանի իրական տերը: «Էրգենեկոնի» դեմ գործողությունների ժամանակ մենք կարդացել ենք այն ոստիկանի ցուցմունքները, որը հայտարարեց, որ հենց «Էրգենեկոնն» է սպանել Հրանտ Դինքին, բայց մենք դեռեւս չենք կարող ապացուցել դա: Մենք հուսով ենք, որ ճշմարտությունը վերջապես կհաղթանակի»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Դինքի սպանության որոշ կասկածյալներ կապված էին «Էրգենեկոն» կազմակերպության հետ, որը, ինչպես ենթադրվում է, փորձում էր իրագործել մի շարք պատվիրված սպանություններ: Հիշատակվում է նաեւ Ալի Օզեի մասին, որը տնօրինում էր գալիք սպանության մասին տեղեկատվությունը, բայց այն գործի չդրեց:

Դինքի սպանության գործով հետաքննվում են 20 կասկածյալներ, որոնցից ութը ներկայումս ձերբակալված են: Վերջին լսումների ժամանակ Հայալ Իգչիի հորեղբայրը հայտնել է, որ երկար ժամանակ իր եղբորորդուն դավադրության եւ սպանության մտքից հետ էր համոզում: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին իր թերթի գրասենյակի դիմաց` Ստամբուլում: