14 հոկտեմբերի 2008 - 15:45 AMT
ANCA-ն Մեթյու Բրայզային մեղադրում է ղարաբաղյան հիմնախնդրում ամերիկյան դիրքորոշումից հեռանալու մեջ
Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANCA) ղեկավար Քեն Խաչիկյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզային
մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան դիրքորոշումից հեռանալու մեջ, մինչդեռ վերջինիս բնակչությունը դաժան պատերազմում նվաճել է կյանքի իրավունքը, բռնապետությունից ազատ կյանքի իրավունքը եւ այն կառավարության օրոք, որն ինքն է ընտրել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, Քեն Խաչիկյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին Բրայզայի հայտարարությունը ընդհանրապես ճիշտ չէ: «Մենք բոլորս էլ գիտենք դա, ինչպես գիտեն Բաքուն եւ Անկարան»,- ասել է ANCA-ի ղեկավարը:
BBC-ին տված հարցազրույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա: