26 օգոստոսի 2019 - 14:24 AMT
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Կիպրոս է մեկնել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը կմասնակցի Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնուհետև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանը: Նախատեսվում է այց նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը կտևի օգոստոսի 30-ը ներառյալ: