
ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի տանը կատարված խուզարկության ժամանակ խոշոր գումարներ չեն հայտնաբերվել, հայտնաբերվել են միայն Խաչատրյանին օրինական պատկանող զենքեր։ Այս մասին է հայտարարել Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ԱԱԾ մոտ լրագրողների հետ զրույցում։
Aysor.am հաղորդմամբ, փաստաբանը ոչ իրավաչափ է որակել պաշտպանյալի ձերկաբալությունը ու նշել, որ բողոքարկելու է այն։ Նա շեշտել է, որ ձերբակալման նպատակը կարող է լինել հանցագործությունը կանխելը կամ դրանից անմիջւապես հետո փախուստը կանխելը, այնինչ մեղադրանքը տարիներ առաջ կատարված հանցանքին է վերաբերվում, իսկ փախուստի դիմել Խաչատյանը չէր պատրաստվում։ «2019 թվականին՝ կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, Գագիկ Խաչատրյանը վերադարձել է ՀՀ, ինչը վկայում է, որ փախուստի նպատակ չի ունեցել», - ասել է նա։
Փաստաբանը պատմել է, որ Խաչատրյանը ցուցմունք է տվել, բայց ցուցմունքի բովանդակության մասին շատ բան, չնայած լրագրողների համառությանը, չի պատմել՝ նախաքննության ընթացքին ու դրա գաղտնիությանը հղումներ անելով։ Սարգսյանը միայն նշել է, որ մեղադրանքներից մեկը վերաբերվում է նրան, որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չգնալով աշխատավարձ են ստացել։ Փաստաբանը շեշտել է, որ դեռ պետք է պարզել, որքանով էր ՊԵԿ նախկին ղեկավարն ընդհանրապես տեղյակ դրանից։
Սարգսյանը նաև հաստատել է ՀՔԾ ավելի վաղ արված այն հայտարարությունը, որ 800 մլն դրամ վնասի վերականգնում է կատարվել, սակայն չի ասել՝ արդյոք հենց Խաչատրյանն է վերականգնել վնասը։
Փաստաբանը պատմել է նաև, որ 2015 թվականից Խաչատրյանն առնվազն 4 վիրահատություն է տարել, վարույթ իրականացվող մարմնին ներկայացվել են փաստաթղթեր, որ պատշաճ բուժումը չշարունակելու դեպքում բարդացումները կարող են հաշմանդամության հանգեցնել։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել է Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում խուզարկությունների ու Գագիկ Խաչատրյանին և իր եղբորորդի Կարենին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման ենթարկելու ու ձերբակալելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։