15 հոկտեմբերի 2008 - 19:23 AMT
Ժնեւում Վրաստանն ու Ռուսաստանը Կովկասի ճգնաժամից հետո անցկացնում են առաջին ուղիղ բանակցությունները
Ժնեւում հոկտեմբերի 15-ին բացվող միջազգային կոնֆեռանսին Վրաստանն ու Ռուսաստանը Կովկասի ճգնաժամից հետո անցկացնում են առաջին ուղիղ բանակցությունները: Դիվանագետները չեն թաքցնում, որ հակամարտող կողմերին դժվար կլինի պայմանավորվել: ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող խորհրդատվությունները կընթանան ամբողջ օրվա ընթացքում փակ կարգով:

Ռուսաստանը մտադրված է կրկին համոզել միջազգային հանրությանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, ինչպես հայտնել է ռուսական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, Մոսկվան հանդես է գալու «Վրաստանի անզուսպ ռազմականացումը» սահմանափակող միջոցների կողմից: Որպես նման միջոց նշվում է «հրաժարումը վրացական կառավարությանը ծանր հարձակողական զենքի մատակարարումից»:

Ռուսաստանը ցանկանում է նաեւ երաշխավորել անջատված հանրապետությունների անվտանգությունը եւ պայքարում է Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ ուժի կիրառումից հրաժարվելու մասին համաձայնագրի ստորագրման համար:

Թբիլիսին իր հերթին չի փոխել իր վերաբերմունքը Մոսկվայի որոշման հանդեպ եւ պահանջում է հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող պայմանագրից:

«Պարտադիր է վերացնել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության մասին իր կանոնադրությունը: Պարտադիր է դուրս բերել ռուսական օկուպացիոն զորքերը Վրաստանի տարածքից: Եւ դրանից հետո Վրաստանը պատրաստ է վարել ցանկացած բանակցություններ, Վրաստանը համաձայն է դրան»,- ասում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին:

Այդ միջոցին, ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոնա Մըկքորմակի խոսքերով, Վաշինգտոնն անպայման կբարձրացնի Վրաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայության հարցը:

Կրակի դադարեցման մասին պայմանագրի համաձայն նախորդ չորեքշաբթի Ռուսաստանը ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը բուֆերային գոտիներից, որոնք կից են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներին:

Բայց ռուսական ռազմական ներկայությունը պահպանվում է իր կողմից անկախ ճանաչված երկու հանրապետությունների տարածքում: Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ նրանցից յուրաքանչյուրում կտեղավորի ռազմական ճամբարներ` յուրաքանչյուրը 3800 զինծառայողներով:

ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը, որոնք ձեւավորում են քննարկումների օրակարգը, առաջարկում են առաջին հերթին քննարկել հումանիտար բնույթի խնդիրները` բռնագաղթվածների վերադարձն իրենց տները եւ տնտեսական կապերի վերականգնումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը գտնում է, որ Կովկասի իրադրության շուրջ միջազգային բանակցությունները «կարող են երկարատեւ լինել, հետեւաբար պետք է համբերատար լինենք»:
Վերջին պահին պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտի քննարկումներում Վրաստանից անջատված հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: